Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում տեղաշարժեր, պաշտոնանկություններ են սպասվում։ InfoPort.am-ի աղբյուրները հայտնում են, որ չի բացառվում՝ հեռուստաընկերության ղեկավար կազմը և լրատվական քաղաքական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանը հեռանան զբաղեցրած պաշտոններից։ Ավելին, մեր տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն ազատման դիմում է գրել։ Այդ մասին, հավանաբար պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի առավոտյան։
InfoPort.am-ի թղթակցի բազմաթիվ զանգերը Մարգարիտա Գրիգորյանին մնացին անպատասխան․ նրա հեռախոսն անհասանելի էր։ Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև Հանրային հեռուստաընկերության մամուլի պատասխանատու Տիգրան Դանիելյանը։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հրաժարվեց որևէ տեղեկություն տալ՝ նշելով, որ այսօր կիրակի է։ Հարցին, թե կարո՞ղ է հաստատել Մարգարիտա Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման մասին տեղեկությունը, Շիրինյանը պատասխանեց․ «Ես ոչ մի բան չեմ հաստատում, ոչ մի բան չեմ մեկնաբանում»։
Հիշեցնենք՝ ժողովրդին ուղղված վարչապետի ուղերձի նախապատրաստական աշխատանքներից կադրեր էին հայտնվել համացանցում, որոնցում վարչապետը հազում էր, ջուր խմում։ Հանրային հեռուստաընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են 8 այլ հեռուստաընկերությունները։
«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել», նշված էր հայտարարության մեջ։ Սակայն սրան հաջորդեց վարչապետի խոսնակ Մանե Գևերգյանի արձագանքը․ «Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր' սկսած նախապատրաստական աշխատանքների։ Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից' տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»: