Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի, տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է:

Վերջինս առաջարկում է նաև «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: 

Այսինքն՝ ստացվում է, որ ԱՆ-ն նման նախագիծ է մշակել կարևորելով քաղաքացու առողջությունը, սակայն այն, կարծես թե, անտրամաբանական է, քանի որ եթե անգամ սեղանին չլինի աղաման, միևնույն է, սննդի վրա աղ ավելացնել ցանկացող քաղաքացին կխնդրի մատուցողին մոտեցնել այն և պատկերը, որպես այդպիսին չի փոխվի:

 
 

Վերը նշված նախագիծը հասարակության շրջանում շատ բուռն արձագանք ստացավ, և որոշները հանգեցին այն կարծիքին, թե շուտով էլ ԱՆ-ն հաճախորդներին կարգելի նաև հասարակական վայրերում  կարիքները հոգալ և ևս տուգանք կսահմանի:

Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Հանրային սննդի ոլորտի փորձագետ, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանի հետ, որը այս նախագիծը համարեց անտրամաբանականների շարքից և հավելեց, որ ԱՆ նախարարությունը բազմիցս ապացուցել է, որ աշխատում է ՀՀ տնտեսության դեմ:

Ըստ մեր զրուցակցի՝ իրենք այդ քայլով բոլորովին չեն մտածում քաղաքացու առողջության մասին, այլ՝ փորձում են հակազդել տնտեսվարողներին, որ նրանք լռեն և այլևս չբոյկոտեն հակածխախոտային օրենքը.

 

«Այսպես իրենք հարվածում են մեզ ցույց տալով, որ իրենց նախաձեռնություններին դեմ չգնանք, սակայն չի ստացվելու: Դեռ ոչ մեկին չի հաջողվել ազատ տնտեսական հարաբերությունները սահմանափակել: Իրենք եկել են մեր դաշտ, ոտնահարում են մեր իրավունքները և ուզում են, որ մենք իրենց չհակազդենք: Էկոնոմիկիայի և Առողջապահության նախարարները, հավանաբար, քույր նախարարություններ են ճանաչվել, որովհետև այդ երկու նախարարները ռեկորդներ են խփում: Իրենք պետք է հիշեն, որ այն աթոռը, որը զբաղեցնում են խիստ ժամանակավոր է: Մեծ հույս ունեմ, որ իրենց հաջորդները կլինեն բանիմաց մարդիկ և շատ արագ այս խայտառակությունը կվերացնեն»,- նշեց նա:

ԱՆ-ի նման նախագծի մշակումը, Աշոտ Բարսեղյանը կոչեց պետական միջոցների վատնում. «Պետական ապարատը, որը կոչված է ստուգելու և վերահսկող ֆունկցիա կատարելու, զբաղված է լինելու, պարզապես, դատարկ ինչ-որ աղաման ստուգելով: 3000 տնտեսվարողի մոտ աղաման են ստուգելու և այդ 3000 տնտեսվարողն ունի, մոտավորապես, 50.000 սեղան, այսինքն՝ այդքան սեղան են ստուգելու՝ տեսնելու աղաման կա, թե՞ ո՛չ»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սա դատարկ, ոչ մի բանի մասին օրակարգ է:

 

Աշոտ Բարսեղյանը համոզված է՝ շատ ավելի ստուգելու բաներ կան և, իրական առողջապահական խնդիրները թողած, ընկել են աղամանի հետևից: Նաև չի բացառում, որ եթե այս տեմպերով գնանք, շուտով կարգելվի նաև շոկոլադի բաց վաճառքը.

«Հաջորդը ի՞նչ են անելու, խանութներում աղը ծխախոտի պես թաքցնելո՞ւ են: Քաղցրն էլ է շատ վնաս առողջությանը, գիտենք, թե ՀՀ-ում որքան շատ մարդ կա, որ շաքար ունի, շոկոլա՞դն էլ են արգելելու ուտել. եկե՛ք դա էլ թաքցնենք, տեսնենք մարդկանց, երբ են հասցնելու սոցիալական ցասմանը»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ տնտեսվարողները, միանշանակ, չեն հետևելու այդ օրենքին. «Որևէ մեկը այդ ապուշ հրամանին չի հետևելու, թո՛ղ համարձակվեն, տուգանեն և կտեսնեն, թե այդ տուգանքը որտեղ կգնա»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը:

Զվարթ Պետրոսյան