Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին իսկական խառնաշփոթ է տիրում։ Ռուբլու արժեզրկումն աստիճանաբար փոխանցվում է դրամին։ Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգ էր տվել տնտեսական բլոկի պատասխանատուներին՝ ակտիվ աշխատել և քայլեր իրականացնել առկա ռիսկերը մինիմալիզացնելու համար:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, սակայն, չի շտապում կատարել Փաշինյանի հրահանգը, նա շատ ավելի կարևոր գործեր ունի. նրա ղեկավարած կառույցը ֆեյսբուքյան ստատուսներ է գրում: Դիցուք՝ ԿԲ-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկատվական նյութ էր ձոնել առ այն, թե ինչ խնդիրների կարող է բախվել ՀՀ ֆինանսական շուկան ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին: Այդ՝ տնտեսագիտության առաջին կուրսի ուսանողին վայել «լրջագույն» վերլուծությունից սակայն այդպես էլ պարզ չի դառնում, թե ի վերջո Գալստյանը և թիմը պատրաստվո՞ւմ են առկա ռիսկերի դեմն առնել, թե ամեն բան սահմանափակվելու է ֆեյսբուքյան գրառումներով և հանրությանը գույժեր հրամցնելով:
Հաշվի առնելով առկա ռիսկերը՝ բազմաթիվ երկրներ վերջին օրերին սկսել են վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ նպատակ ունենալով մեղմել թանկացումների ալիքը։ Աննախադեպ կտրուկ քայլ արեց հատկապես Ռուսաստանի Կենտրոնական բանկը՝ 9,5-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնելով 20-ի։ Բելառուսում հիմնական տոկոսադրույքը միանգամից ավելացվեց 2,75 կետով՝ 9,25-ից դարձնելով 12 տոկոս։ Ղրղըզստանի Ազգային բանկը ևս վերանայեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և հասցրեց 10 տոկոսի։ Չնայած նկատվող գնաճային նոր ռիսկերին, առայժմ լուռ է մեր ԿԲ-ն։ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն 8 տոկոս է։ Եվ թեև Փաշինյանը պահանջել էր անհրաժեշտության դեպքում այն վերանայել՝ Գալստյանը դրա կարիքը դեռևս չի տեսնում: Ինչպես նաև չի տեսնում՝ բանկերի կամայականությունները զսպելու անհրաժեշտություն, չնայած, ակնհայտ է, որ վերջին օրերին ՀՀ մի շարք բանկերում բացահայտ սպեկուլյացիոն գործարքներ են տեղի ունենում՝ երբ ռուբլին գնվում է շատ էժան և վաճառվում հնգապատիկ բարձր գնով, կամ այլ օրինակ՝ բանկերն առանց որևէ աատճառաբանության մերժում են քաղաքացիներին դոլար և եվրո վաճառել: Տեղյա՞կ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ ԿԲ նախագահը մատների արանքով է նայում վարչապետի տված հանձնարարականներին: Տեղյա՞կ է արդյոք Մարտին Գալստյանը, որ իր գործառույթները թերի կատարելու հետևանքով ՀՀ քաղաքացիները բախվում են նման խնդիրների, իսկ եռանիշ գնաճը դառնում է շատ ավելի հավանական, քան նախկինում էր և դժվար թե այդ խնդիրները լուծվեն, եթե ԿԲ նախագահը աշխատելու փոխարեն ստատուսներ ձոնի...