Անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին' փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր արել է հետևյալ հայտարարությունը՝ «Եթե խնդիրը չկարգավորվի, ապա այն մեր տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա»:
Սա փաստորեն փոխվարչապետի գնահատական-կանխատեսումն է, որը սակայն տարբերվում է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի գնահատականից: ԿԲ նախագահը շատ ավելի լավատեսորեն է տրամադրված հարցի լուծման հարցում: Նա, մասնավորապես, նշել է, որ ԿԲ-ն դիտարկում է բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ։ Բազային սցենարում որոշակիորեն կան հաշվարկված ռիսկեր, բայց ԿԲ-ում կարծում են, որ այն ռիսկերը, որոնք այնտեղ ներառված են՝ էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից։
Այսինքն՝ փոխվարչապետն ու ԿԲ նախագահը իրար հակասում են, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները չունեն հստակ հաշվարկ, թե որտեղ և որքան է տուժելու Հայաստանի տնտեսությունը՝ Գորիս-Կապան ճանապարհի փակվելու դեպքում, իսկ այդպիսի սցենարի հնարավորությունը, ցավոք, անչափ մեծ է: