ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գազի սակագնի բարձրացմանը՝ նշելով, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը գազի գնի շուրջ բանակցություններ վարելու համար, ուստի ցանկանում է իմանալ, թե այդ բանակցություններն ինչ փուլում են:
«Զուգահեռ մենք ունենք նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած «Գազպրոմ-Արմենիայի» հայտը: Ինչո՞ւ եմ այդ հայտից խոսում, կարծում եմ՝ այդ հայտը պետք է մերժվի, գնի բարձրացման հիմքում ընկած է այն, որ, ճիշտ է, այսօր սահմանի վրա 165 դոլար է, բայց 165 դոլարի հաշվարկը կատարվում է 135-ի շրջանակներում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ 2015 թվականի հունվարի 1-ից, երբ գազի գինը սահմանի վրա 189-ից իջել է 165-ի, վերջնական սակագները չեն փոխվել, և հինգ տարվա ընթացքում մոտ 43 միլիարդ դոլար մնացել է «Գազպրոմին»»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Պատասխանելով հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ստացել է իր նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ փոխանցել է, որ հարցի վերաբերյալ կոնտրակտները կլինեն կառավարական մակարդակով:
«Ինչ վերաբերում է 135-165 դոլար խնդրին, այո, կա նման խնդիր: Ես կուզեի, որ դուք հետեւեք հայտի քննարկման ընթացքում այդ խնդրի հետ կապված ընդհանուր վերաբերմունքին թե հայտատուի, թե հանձնաժողովի, որովհետեւ կարծում եմ՝ դրան անդրադարձ կլինի հայտի քննարկման ժամանակ: Դուք էլ առիթ կունենաք ձեր կարծիքն արտահայտե այդ հարցի վերաբերյալ: Այո, դա առանցքային խնդիր է հայտ ներկայացնելու հետ կապված ընդհանրապես: Որովհետեւ եթե այդ խնդիրը չլիներ, կարող է հայտի անհրաժեշտություն էր չլիներ»:
Փոխվարչապետն ընդգծեց, որ այո, հայտ ներկայացնելու մեջ կա ներդրումների լուրջ բաղադրիչ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա. «Մենք բոլորս պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք այդ ներդրումները, թե ոչ: Եթե ուզում ենք, ապա պատրա՞ստ ենք քննարկել սակագնի փոփոխման խնդիրը, թե ոչ: Եթե պատրաստ ենք, ինչ է լինելու տնտեսության ու ֆիզիկական անձանց համար:
Բայց սա մեր տեսանկյունի խնդիր է, որը բոլորս իմանալու ենք եւ տալու ենք մեր գնահատականները: Ի վերջո, որոշումներն էլ կայացվելու է Հայաստանի իրավազորության ներքո, այդտեղ խնդիր չունենք:
Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ չոր լինել, այսինքն կառուցողական չլինել... ի վերջո, «Գազպրոմ Արմենիան» հայկական ռեզիդենտ կազմակերպություն է եւ այդ իմաստով, այո, մենք պետք է ողջամիտ լինենք ու մեր ռեսուրսները մոբիլիզացնենք: Եթե համարում ենք, որ պետք է լինի գնային տարբերություն, ապա դա պետք է չեզոքացնենք սահմանին, ինչը փորձում ենք հիմա անել:
Ինչ-որ պահի այդ հարցը կդառնա միջկառավարական հանձնաժողովի օրակարգի հարց եւ հրապարակայնորեն կքննարկվի ու կարժանանա նաեւ ձեր վերաբերմունքին»: