Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները շատ հաճախ էին քննադատում գործող իշխանություններին ՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների ահռելի թվերով պայմանավորված:  Ընդդիմադիրները վստահ էին, որ դա արդյունք է ՀՀԿ-ի ապաշնորհ ղեկավարման, որի հետևանքով մարդիկ այլ ելք չեն տեսնում, քան զանգվածաբար լքել Հայաստանը՝ ընտանիքներին ֆինանսապես օժանդակելու նպատակով; Իսկ ինչպիսի՞ն է իրականում պատկերը, և ՀՀ որ ղեկավարի կառավարման տարիներին որքան մարդ է Հայաստանից մեկնել արտագնա աշխատանքի՝ ըստ պաշտոնական վիճակագրության:

Անմիջապես անկախացումից հետո, երբ երկրի  ղեկը ստանձնեց Լևոն Տեր-Պետրոսյանը, մեկնողների և ժամանողների ճշգրիտ թիվը որոշելը բավական դժվար էր, քանի որ մեկնողների մեծ մասը դուրս չէր գրվում հաշվառումից: Զանգվածային արտագաղթի հետևանքով ժամանակավոր կամ մշտական հեռացածների միակ, սակայն ոչ բավարար աղբյուր էին մնում քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալները, ըստ որոնց՝ 1992-1994թթ. հանրապետության միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել էր մոտ 494,5 հազ. մարդ, տարբեր աղբյուրներում առկա տեղեկատվությունը հուշում է, որ դրա առնվազն կեսը կազմում էին հենց արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները:

Հաջորդ ցուցանիշը, որը կարողանում ենք ստանալ բաց աղբյուրներից, վերաբերվում է 2002-2008 թվականներին, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը և պարզ է դառնում, որ այդ տարիներին Հայաստանի միգրանտների 94 %-ը (տարեկան 163-189 հազար մարդ) աշխատելու նպատակով է մեկնել, 3%-ը (25-37 հազար մարդ) մեկնել է մշտական բնակություն հաստատելու համար, 2 %-ը` (3000-7000) սովորելու, եւս 2 %-ը` այլ նպատակներով:  Այսպիսով, Հայաստանի 778.666 տնային տնտեսութունների 20 տոկոսը մասնակցություն է ունեցել աշխատանքային միգրացիայի գործընթացին, ընդ որում` գերակշռող մեծամասնություն են կազմել այն ընտանիքները, որտեղից արտագնա աշխատանքի է մեկնել ընտանիքից միայն մեկ հոգի: Դրանով աշխատանքային միգրացիան վերածվել է «ընտանիքի հայրերի արտերկիր մեկնելու գործընթացի»: 

2008-2017թթ-ը, երբ նախագահ էր Սերժ Սարգսյանը, տարեկան շուրջ 200 հազար մարդ է մեկնել արտագնա աշխատանքի:

Հեղափոխությունից հետո  Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը ավելացել է՝ 2018-ին այն կազմել է 250 հազար մարդ, 2019-ին՝ 200 հազար: 2020 թվականի ընթացքում այդ թվերը օբյեկտիվ պատճառներով կրճատվեցին, նույնիսկ զրոյացան՝ պայմանավորված համավարակով և փակ սահմաններով: 2021 թվականին Հայաստանից միայն Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել 300 հազար մարդ:

Ինչպես տեսնում ենք՝ աշխատանքային միգրացիայի աննախադեպ ծավալները հեղափոխությունից հետո ոչ միայն չեն նվազել, այլ մի բան էլ ավելացման միտումներ են դրսևորում...