SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 23։40-ին ոստիկանություն է ահազանգել Վարդանանց փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ իրենց հյուրանոցում բնակվող հյուրերից մեկի մոտից գողացել են 2000 ԱՄՆ դոլար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հյուրանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մարտի 3-ին, ժամը 15։00-ից մինչև մարտի 6-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցի մաքրուհիներից մեկը, օտվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 27-ամյա Վլադիսլավ Պ-ի և 28-ամյա Ալեքսանդր Շ-ի՝ սենյակնաներում չգտնվելու հանգամանքից, նրանց գումարները գողացել է։
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է հյուրանոցում որպես մաքրուհի աշխատող Արարատի մարզի բնակչուհի՝ 53-ամյա Ալլա Ս-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ մաքրուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: