«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստանձնել է հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը։ «Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։
Ինչպես տեսնում ենք՝ Էդմոն Մարուքյանն ի վերջո հասավ բաղձալի ցանկությանը, այն է՝ Փաշինյանի ձեռքից պաշտոնի արժանացավ: Դրան Մարուքյանը բավականին երկար էր գնում՝ սկզբում հայտնի սրճախմությունն էր, այնուհետև հունիսյան ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չմիացավ ԲՀԿ-ի ՍԴ դիմելու նախաձեռնությանը, Մարուքյանը իր հանրային բոլոր հայտարարություններով փորձում էր արդարացնել Փաշինյանի և ՔՊ-ի ձախողումները 44-օրյա պատերազմի ընթացքում, այնուհետև ամեն գնով ՔՊ-ին օգնության հասավ Վանաձորում ՏԻՄ ընտրություններում' ջանալով բոլոր հնարավոր միջոցներով համատեղ խլել հաղթանակը Մամիկոն Ասլանյանի ղեկավարած դաշինքից:
Ուշագրավն այն է, որ Էդմոն Մարուքյանը երբեմն-երբեմն իր կարգավիճակի մասին ճշմարտությունը բացահայտում է: Օրինակ, ժամանակին նա հայտարարեց, որ «ՀՀԿ-ն միշտ սովոր է եղել ունենալ գրպանային ընդդիմություն»: Կասկածից վեր է, որ այդպիսի դեր էլ Մարուքյանը ուներ և նախկինում, և ունի նաև Փաշինյանի համար: Եվ այժմ վերջինս բազմաթիվ ջանքերի դիմաց պարգևատրում է Մարուքյանին' թեկուզ և սիմվոլիկ, սակայն պաշտոն նվիրելով: Ինչպես ասում են՝ մանրուք է , բայց հաճելի է: