«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննարկման առարկա դարձնել Արցախում ստեղծված ծանր կացությունը։ Ինչպես հայտնի է, 2 շաբաթ է՝ սահմանին լարված է, մարտի 8-ից Արցախը զրկված է բնական գազից, ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս նորոգել գազատարը, երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, մի շարք արտադրամասեր Արցախում չեն գործում: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջեւ։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին' «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Այն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։ Ընդդիմությունը կարեւորում է նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի զեկույցները։
Արդյոք իշխող մեծամասնությունը կընդառաջի՞ այս պահանջին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ սա էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները: Երեկ իշխող թիմում դեռ հրահանգ չէին ստացել, թե ինչ են անելու»: