«Հրապարակը» գրում է․ Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։ Դեսպան է նշանակվել 2021 թ. հունիսի 1-ին, 3 տարով, ժամկետը լրացել է 2024-ի հունիսի 1-ին, սակայն ո՛չ հետկանչի, ո՛չ ժամկետը երկարացնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն եւ ՀՀ նախագահը հրամանագիր չեն արձակել: ԱԳՆ-ն շուրջ 2 ամիս է՝ չի պատասխանում, թե ինչ հիմքով է Կարապետյանը շարունակում աշխատել։ Ուկրաինայում ՀՀ նոր դեսպանի թեկնածուի անուն եւս շրջանառվում է: Ըստ որոշ լուրերի՝ նախկին փոխվարչապետ, այժմ վարչապետի խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն է Կիեւ գործուղվելու։
Մաթեւոսյանը երեկ մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, շտապեց տեղեկացնել, որ ինքը վարչապետի խորհրդականն է․ «Ես ինձ շատ լավ եմ զգում այս կարգավիճակում եւ փորձում եմ կատարել ինձ տրված հանձնարարականները»։ Մաթեւոսյանը սովորել է արտերկրում եւ աշխատանքային փորձ ունի Ուկրաինայում' 2013-2015 թթ․ աշխատել է Դոնեցկում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ Նա փոխվարչապետի պաշտոնից ազատվեց 2022-ի դեկտեմբերին՝ ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա օգտին էլ են լցոնում արել։ Արդյունքում Մաթեւոսյանը չդարձավ ՔՊ վարչության անդամ։ Բայց նրա աշխատանքից հատկապես դժգոհ էին' Բրյուսովի համալսարանի ընտրություններով պայմանավորված, երբ, լինելով հոգաբարձուների խորհրդի նախագահը, չկարողացավ անցկացնել Փաշինյանի թեկնածուին' Դավիթ Գյուրջինյանին, եւ ստիպված եղան վերջինիս ռեկտոր դարձնել խայտառակ օրինախախտումներով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 15․ 10․ 24 թ համարում։