Հայաստանում Նոուրուզը նշելու նպատակով օդային ճանապարհով Իրանից 3 հազարից ավելի զբոսաշրջիկների այց է սպասվում։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն մի քանի թռիչքն իրականացվել է, և օդանավերը ծանրաբեռնված են գալիս։ Մինչև ապրիլի սկիզբ Իրանի ուղղությամբ նախատեսված է 30 թռիչք։
«Բնականաբար այս օրերին մենք սրանից ավելի այցելություններ սպասում ենք նաև ցամաքային ճանապարհով, իսկ դրանք ամրագրումներ են հյուրանոցներում, ակտիվություն է տուրիստական ընկերություններում։ Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ցամաքային կապն անխափան ապահովենք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։
Անդրադառնալով Իրանից Հայաստան նախորդ տարվա զբոսաշրջային հոսքերի վիճակագրական տվյալներին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ 2021-ին այցելությունները զգալի են եղել։ Հայաստան զբոսաշրջային այցելությունների մեջ Իրանի մասնաբաժինը շուրջ 11 տոկոս է կազմել։ Տարեկան ցուցանիշը եղել է մոտ 95 հազար, որից 9 հազարից ավելին՝ Նոուրուզի օրերին։
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Իրանի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվ լինեն՝ նպաստելով Իրանից զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։