ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում ստեղծված իրավիճակով, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է տարածված հայտարարությունում։
Նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժն այսօր առաջ է եկել Ասկերանի Փառուխ և Խրամորթ համայնքների ուղղությամբ։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի զինուժի շարժը կասեցված է, սակայն այն դեռ չի վերադարձել ելման դիրքեր։