Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ այս գիշեր՝ ժամը 01 :45-ի սահմաններում Մոսկվայի «Դամադեդովո» օդանավակայանից թիվ 907 չվերթով Հայաստան են տեղափոխվելու Շիրակի մարզի բնակիչներ՝ եղբայրներ՝ 25-ամյա Արթուր Խաչատրյանի և 26-ամյա Արտյոմ Խաչատրյանի դիերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ նշված անձինք Հայաստանի հանրապետության ևս 3 քաղաքացիների հետ մահվան ելքով ավտովթարի էին ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունում:
Մինչև շաբաթվա վերջ Հայաստան կբերվեն նաև Շիրակի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զուրաբ Ավագյանի, 50-ամյա Սասունիկ Սարգսյանի և 33-ամյա Վարդան Վարդանյանի դիերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ Վլադիմիր մարզում վթարից զոհված 7 անձանցից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին:
Վթարի ենթարկված «ԳԱԶել»-ի ուղեւորները եղել են 46-ամյա Ալեքսանդր Շուստրովը, 32-ամյա Զուրաբ Ավագյանը, 50-ամյա Սասունիկ Սարգսյանը, 33-ամյա Վարդան Վարդանյանը, 26-ամյա Արտյոմ Խաչատրյանը, 25-ամյա Արթուր Խաչատրյանը: Mitsubishi-ի վարորդը 31-ամյա Անդրեյ Լեգոմինն է, իսկ ուղեւորի ինքնությունը դեռ անհայտ է:
Պետուշինի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 50-ամյա Արմեն Վարդանյանը, ով հրաշքով փրկվել էր, հարվածի ժամանակ նա դուրս էր թռել մեքենայից:
Life News-ի փոխանցմամբ, Վլադիմիրի մարզ ժամանած զոհերի հարազատները ճանաչել են իրենց հարազատներին իրերից եւ ատամների միջոցով, իսկ մյուսների ինքնությունը պարզվել է այրված «ԳԱԶել»-ում գտնված փաստաթղթերով: Զոհերի հարազատները դիահերձարան են ժամանել հոգեբանների եւ ոստիկանների ուղեկցությամբ:
Վթարը տեղի էր ունեցել Բոլդինո գյուղի մոտ, ապրիլի 9-ի գիշերը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ միկրոավտոբուսը 7 մարդ էր տեղափոխում «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Իվանովո քաղաք: Կեսգիշերին մոտ բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր «ԳԱԶել»-ին: Ուղեւորները արգելափակված էին մնացել մեքենայում եւ ողջ-ողջ այրվել: Հայաստանի քաղաքացիները մոսկվա էին ժամանել Գյումրիից եւ ուղեւորվում էին Իվանովո' շինարարության վրա աշխատելու, իսկ հիվանդանոցում գտնվող Արմեն Վարդանյանը նրանց բրիգադիրն էր: Նա ներկայումս գիտակցության է եկել, վիճակը կայուն է: