Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջնորդությունը քննվելու է մարտի 29-ին, ժամը՝ 16.00-ին։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։
Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։