«Մեծ յոթնյակի» երկրները մերժել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման համար ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ «Մեծ յոթնյակի բոլոր նախարարները լիովին համաձայն են, որ դա գործող պայմանագրերի միակողմանի եւ բացահայտ խախտում կդառնա»: Հաբեկն ասել է, որ «ռուբլով վճարումներն անընդունելի են, եւ մենք տուժած ընկերություններին կոչ կանենք չկատարել (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի պահանջը»։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով այն մասին՝ կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը կրճատել բնական գազի մատակարարումները եվրոպացի սպառողներին, եթե նրանք հրաժարվեն ռուբլով վճարելու պահանջից, ասել էր. «Միանշանակ չենք պատրաստվում անվճար գազ մատակարարել»։ «Մեր պայմաններում դժվար թե հնարավոր եւ նպատակահարմար է բարեգործությամբ զբաղվել Եվրոպայի համար», - ասել է Պեսկովը։

G7-ում ընդգրկված են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Կանադան: