Երեկ ուշագրավ ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վերջինիս ասուլիսը սակայն առավել նման էր արդարացման երեկոյի, բանն այն է, որ տպավորություն է, թե Սինանյանը փորձում էր ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում տուժած մեր հայրենակիցների տեղափոխման և Հայաստանում նրանց տեղավորման հարցերում առաջացած բացթողումները կապել բացառապես Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ:
Դիցուք, նա հայտարարել է՝ «Երբ ճգնաժամը սկսվեց, մենք փորձեցինք պահանջների գնահատում անել և ըստ այդմ առաջարկել կառավարությանը, թե ինչ է պետք անել: Մենք ֆիզիկական ներկայություն չունենք այնտեղ, մեր ինֆորմացիան հիմնված էր կա՛մ համայնքային կառույցների մեզ հասցված ինֆորմացիայի վրա, կա՛մ դիվանագիտական կառույցների: Մենք համայնքային կառույցներից լսում էինք, որ հոսքը շատ մեծ է, և Հայաստան գալու ցանկությունն է մեծ, դիվանագիտական գերատեսչության գործընկերներն ասում էին, որ Հայաստան գալու ցանկություն ունեցողների կրիտիկական մասա չկա: Որպեսզի թնջուկը լուծվի ի վերջո, դիմեցինք համայնքային կառույցներին' դեսպանատներին զուգահեռ ցուցակ կազմեք այն անձանց, ովքեր ուզում են գալ Հայաստան»:
Այսինքն, կառավարությունը չնայած համայնքներից եկող ազդակներին մատը մատին չի խփել և չի ապահովել ինքնաթիռ մեր քաղաքացիներին պատերազմական գոտուց դուրս բերելու համար: Սա իր հերթին նշանակում է, որ կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը, ըստ Զարեհ Սինանյանի, սխալ հաշվարկ են արել՝ ինչը խոսում է ոչ պրոֆեսիոնալիզմի մասին և բացի այդ ցուցաբերել են հանցավոր անգործություն՝ ինչը քրեորեն պատժելի արարք է: Իսկ ու՞ր էր այդ ժամանակ ինքը Զարեհ Սինանյանը, երբ անհրաժեշտ էր օպերատիվ աշխատել մեր հայրենակիցներին օգնելու համար: Սինանյանը այն ժամանակ զբաղված էր անչափ կարևոր մի հարցով, այն է՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու լոբբինգով, որովհետև ինչպես և Փաշինյանի և կառավարության անդամների համար՝ այդ հարցը շատ ավելի օրակարգային է, քան ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին պետության կողմից օգնության ձեռք մեկնելը...: