Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որում սպառնացել է ռուս զինվորականների հետ մտնել Կիև։
Նա նաեւ ասել է, որ ռուսական բանակը լավ աշխատանք է կատարել Ուկրաինայում։ «Մեր տղաներն այսօր լավ աշխատանք կատարեցին բոլոր ճակատներում՝ ազատելով գյուղերն ու թաղերը: Կարծում եմ՝ մի քանի օր, և մենք ամբողջությամբ կվերցնենք հիմնական օբյեկտները։ Իսկ ավելի ուշ կգնանք Կիև։ Եթե ինքը' Կիևը, մեզ մոտ չգա, ապա մենք պետք է անսպասելի հյուրերի պես ներս գնանք»,- ասել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը նաև կոչ է արել Ուկրաինայի անվտանգության ուժերին միանալ ռուսական զորքերին՝ ոչնչացնելու նացիստներին, բանդերովցիներին և շեյթաններին։ Նա նաև զգուշացրել է Ուկրաինայի ղեկավարությանը և նշել, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն, եթե հրաժարվեն համագործակցությունից։
«Կիև, վստահեցնում եմ ձեզ, եթե ինքներդ չգաք և չկատարեք Ռուսաստանի նախագահի բոլոր պահանջները, ապա ձեզ ողորմություն չի լինի՝ ո՛չ կառավարությանը, ո՛չ Ռադային, ո՛չ Զելենսկուն։ Եվրոպան ու Արեւմուտքը ձեզ չեն փրկի, քանի որ դուք հանցագործ եք»,- ասել է նա։