Երկար դադարից հետո ընդդիմությունը որոշել է կրկին հանրահավաք կազմակերպել, որը այս պահին ողջունելի է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմության կողմից կայանալիք հանրահավաքին:
Ըստ նրա՝ հանրահավաքը, եթե ճիշտ կազմակերպված լինի, կկարողանա զսպողական նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից սանձարձակ քայլերի. «Հայաստանի և Արցախի բնակչությունը ադրբեջանցիների կարծիքով կորցրել է դիմադրողականությունը, ուստի փողոց դուրս գալը նախևառաջ ֆիքսում է, որ համազգային դիմադրությունը ամենևին էլ չի կորել և երբեք չեն էլ կորցնի, երբ վտանգված է պետականության գոյությունը: Այս պայմաններում, բնականաբար, վաղվա հանրահավաքն իր ասելիքը պետք է ունենա, ինչպես նաև ցուցադրի, թե՛ իշխանություններին և թե՛ առավել ևս թշնամի երկրներին, որ այստեղ հայ ազգը քնած չէ և դիմադրողականությունը չի կորցրել»,- ընդգծեց նա:
Քաղաքական փորձագետը նշեց, որ այս փուլում ձևավորվել է մի պատկեր, թե Հայաստանը զիջողական քաղաքականության գիծ է բռնել, որն անթույլատրելի է. «Այդ գծի դիմացը պետք է առնել, քանի որ հարցականի տակ են դրվում Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերը: Ընդդիմության կողմից պայքարի մի նոր սկիզբ պետք է դրվի, և հիմա հասունացել է փողոց դուրս գալու և իրենց մեթոդները կիրառելու պահը: Կարծում եմ՝ բնակչությունը, ով պատրաստ է վաղվա հանրահավաքին մասնակցել, ընդդիմությունից ակնկալելու է հստակ քաղաքական քայլերի հաջորդական պլանավորված մոտեցում»,- ասաց Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ կարևոր է՝ ընդդիմությունը վաղվա հավաքին ներկայացնի, թե ինչ ծրագիր է որդեգրել և ինչ հաջորդականությամբ, այլապես որոշ զանգված կրկին խորը հիասթափություն է ապրելու, որը այս փուլում չպետք է լինի:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչի սպասել վաղվա հանրահավաքից, արդյո՞ք մարդկանց բազմությունը մեծ կլինի՞, քանի որ արդեն իսկ կան ընդդիմությունից հիասթափվածներ, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ակնկալել, որ անմիջապես մի աննախադեպ թիվ է դուրս գալու փողոց, համամիտ չեմ, բայց, կարծում եմ՝ վաղը կրկին փողոց դուրս կգան ամիսներ առաջ Բաղրամյանում ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցները: Իսկ այդ հավաքի համազգային բնույթ ստանալը, կախված է, թե այդ օրը ընդդիմադիրների կողմից գործողությունների ինչ պլան կհնչեցվի»,- ասաց նա:
Անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվելիք Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, որ այդ հանդիպումը ոչ այնքան բարիդրացիական է լինելու, քանի որ Ադրբեջանը այս ընթացքում պրովոկացիոն քայլերի է գնացել, իրեն սանձարձակ է պահել, անգամ ցրտաշունչ օրերին հումանիտար աղետի առաջ կանգնեցրել արցախցիներին և զուգահեռաբար նաև անթույլատրելի քայլեր իրականացրել՝ գրավելով մեզ համար շատ կարևոր ռազմական նշանակություն ունեցող կետեր.
«Հանդիպմանը Փաշինյանը պետք է ավելի կոշտ նոտայով մոտեցում ցույց տա, այլապես Ադրբեջանի անթույլատրելի քայլերը կշարունակվեն. Ալիևին կոշտ պատասխանելու փուլն է հիմա: Չեմ բացառում, որ այդ բանակցությունների «արդյունքում» կարող են բախումներ սկսվել: Կարծում եմ՝ հանդիպմանը քննարկվելու է թշնամու կողմից ներկայացված 5 կետերը և մեր, այսպես ասած, պատասխանը, որը չեմ կարծում՝ ինչ-որ բան կտա: Լուրջ ակնկալիքներ չունեմ ապրիլի 6-ին կայանալիք այդ հանդիպումից»,- նշեց քաղաքագետը՝ առավել կարևորելով վաղվա հանրահավաքը.
«Թե հետագայում թշնամին իրեն ինչպես կդրսևորի, արդեն կախված է մեր վաղվա հանրահավաքից»,- ընդգծեց Արթուր Ղազարյանը:
Զվարթ Պետրոսյան