Սովորաբար նման հանդիպումները պատրաստվում են. ոտքի վրա հանդիպման արդյունավետությունն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի հանդիպում երկու երկրների առաջնորդների մակարդակով:
«Ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել բարձր մակարդակի հանդիպման, կարծում եմ՝ դեռևս վաղաժամ է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Միաժամանակ շատ կարևորում եմ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, որը որոշակի դադարից հետո հնարավորություն կտա ճշգրտելու մեր մոտեցումները, մեր սպասելիքները: Փորձենք լսել, թե արդյոք կա որոշակի փոփոխություն պաշտոնական Բաքվի դիրքորոշումներում: Հույս ունեմ, որ այն կարող է նպաստել առաջնորդների հանդիպմանը, բայց այս պահին դրա մասին խոսելը դեռևս վաղ է»: