Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր մեղադրում Սերժ Սարգսյանին, որ վերջինս իր ֆեոդալներին (այսպես էր Փաշինյանը անվանում ՀՀԿ-ական մարզպետներին և քաղաքապետերին) թույլ է տալիս առանց բացառության ամեն բան, միայն թե վերջիններս անխոնջ կատարեն ՀՀԿ ցուցումները և որոշումները:
Հեղափոխությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ն այս հարցում ևս որոշել է հետ չմնալ ՀՀԿ-ական ավանդույթներից: Դիցուք՝ անցած տարվա նոյեմբերի 21-ին Մեղրիի այն ժամանակվա համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները ծեծել էին քաղաքացի Արթուր Աթանեսյանին։ Պատճառն էլ այն էր, որ Աթանեսյանին ստիպում էին աշխատանքից ազատվելու դիմում գրել, բայց նա չէր համաձայնվում։ Հարուցվել էր քրեական գործ, բայց հետագայում գործը կարճվեց, քանի որ տուժող Արթուր Աթանեսյանը հետ էր վերցրել բողոքը։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ արդեն հասցրել է աչքի ընկնել Մեղրիի համայնքապետի տեղակալը; Aravot.am-ի տեղեկություններով, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Լեւոն Միրզոյանը ծեծել է Մեղրիի բնակիչ Վանո Սարգսյանին։ Ըստ մեր աղբյուրների, Ջրօգտագործողների ընկերության Մեղրիի մասնաճյուղի աշխատակիցները փորձել են տարածաշրջանի գյուղեր գնացող ոռոգման ջրատարի խողովակներն անցկացնել Վանո Սարգսյանի հողամասի տարածքով։ Վերջինս փորձել է պարզել, թե ինչո՞ւ հենց իրեն պատկանող սեփական հողատարածքով, ու նրան հաջողվել է «լեզու գտնել» ջրօգտագործողների հետ։ Սակայն, դրանից հետո Վանո Սարգսյանին է հանդիպել Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Լեւոն Միրզոյանը՝ Սարգսյանից փորձել պարզել, թե ինչո՞ւ է ընդդիմանում համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին։ Ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, որ այն ժամանակ դեռ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանը ծեծել էր տվել իրեն արտահերթ սպասարկելուց հրաժարված վարսավիրին: Դրան հաջորդել էր տեղեկությունը, որ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին Լոռու մարզպետարանում 10 հոգով, նրանց թվում՝ մարզպետ Արամ Խաչատրյանը, ծեծի են ենթարկել։
Հիշեցնենք` նախկինում նման դրվագների պակաս նույնպես չի զգացվել: Սկանդալյին ծեծկռտուքի կենտրոնում է հայտնվել Արմավիրի այն ժամանակվա ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբայրը` Սեդրակը (Արմավիրում նա հայտնի է Աշոտ անվամբ): Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է Ապարան քաղաքի քաղաքապետի երկու թեկնածուներ՝ Գոռ Աբրահամյանի և Էդգար Փարվանյանի ու նրանց թիմերի միջև ծագած վեճն ու ծեծկռտուքը:
Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ-ականների ձեռագրին անշեղորեն հետևելով, նույնպես աչք է փակում իր ֆեոդալների զանցանքների վրա, միայն թե վերջիններս իրենց վստահված տարածքներում ջանասիրաբար վիզ դնեն ՔՊ-ի համար...