Դավոսում առաջիկայում տեղի ունենալիք տնտեսական միջազգային ֆորումին նախատեսվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասացին կառավարության մամուլի ծառայությունից։ 
 
Հատկանշական է, որ յուրաքանչյուր տարի Դավոսում տեղի է ունենում այս ֆորումը, սակայն ՀՀ իշխանությունները հազվադեպ են մասնակցում դրան։ Մասնավորապես, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական միջազգային ֆորումին մասնակցել է միայն 2008 և 2009 թթ, որից հետո Հայաստանը որևէ ներկայացուցիչ չի ունեցել, քանի որ Սարգսյանն ու իր քաղաքական թիմը տարբեր առիթներով խուսափել են՝ պատճառը տնտեսական աճի ցածր կամ այսպես ասած՝ նկարված  ցուցանիշնեիրն են եղել։ Սարգսյանի վերջին այցից  9 տարի անց՝ 2018թ, Դավոսյան ֆորումին մասնակցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
 
Նկատենք, որ  այդ քննարկումները՝ աշխարհի տնտեսական առաջնորդների ոչ ֆորմալ հավաքները փակ են, և դրանց միայն երկրների նախագահները և որոշ դեպքերում վարչապետներն են ներկա լինում, մեր դեպքում ներկա կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկումներն իրականացնում են փակ դռների հետևում, առանց հեռախոսների, առանց մեդիայի, առանց օգնականների ու նույնիսկ թիկնապահների։ 
 
Մասնավորապես, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այս ֆորումի իր երկու այցերը, բացի տնտեսական կողմից, քաղաքական նպատակներով է նաև օգտագործել՝ հանդիպելով ինչպես  հակառակորդ պետության ներկայացուցչի, այնպես էլ Ռուսատանի Դաշնության գործընկերների հետ,  և չի բացառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ կրկին մտքեր փոխանակի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս տարի դավոսյան ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը 49-րդն է: Նախորդ տարիներին ֆորումի ուշադրության կենտրոնում են եղել համաշխարհային տնտեսությանը և տնտեսական զարգացման հեռանկարներին, արդիական մարտահրավերներին ու հնարավորություններին վերաբերող տարբեր խնդիրներ: