Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին' Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ մեր երկրները, պահպանելով դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգացնում են կապերը ոչ միայն քաղաքական եւ տնտեսական ուղղություններով, այլեւ՝ մշակույթի ու արվեստի ոլորտներում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ եւ կարեւոր դրական փոփոխություններ կան:

Միջոցառմանը հնչել են հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ եւ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային, հայկական «Արմենպրես» եւ ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվներից: