Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին նշված է այսօր' ապրիլի 18-ին, հրապարակված ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում։
«Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել»,- նշված է ամփոփագրում։
Նշվում է, որ խաղաղապահները երեկ' Զատիկի տոնին, ուխտավորներին ուղեկցել են Դադիվանքի, Ամարասի և Գանձասարի վանքեր։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2369,8 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերել և վնասազերծել 26262 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։