Շիրակի մարզում ՔՊ-ականների հաստատվելուց հետո սկանդալները տեղական մակարդակից սահուն անցում կատարեցին միջազգային մակարդակ: Թերևս, երբ Նազելի Բաղդասարյանը և մյուս ՔՊ-ականները խոստանում էին մարզում միջազգային մակարդակի զարգացում ապահովել՝ նկատի ունեին հենց դա և մեղավորը շիրակցիներն են, որ հեղափոխական իշխանություններին սխալ են հասկացել:
Դիցուք՝ մարզում սկանդալը հաջորդում է սկանդալին: Օրերս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, դադարեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունն ու վայր դրեց Գյումրու ավագանու անդամի մանդատը; Իր այս քայլը նա պատճառաբանեց նրանով, որ իրենք տապալել են քաղաքի կառավարումը: Դժվար է ասել` ում կոնկրետ նկատի ունի մարզպետի եղբայրը, սակայն այն, որ ՔՊ-ն իրոք տապալվում է բոլոր ոլորտներում, փաստ է: Օրինակ՝ Գյումրու ավագանու որոշմամբ հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացվելու է համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գործող թվով 58 կառույցների աշխատակիցների աշխատավարձը։ Տպավորություն է, որ գնաճը վերաբերվում է միայն այս անձանց, իսկ հասարակ մահկանացուների խնդիրները համայնքապետարանին չեն հետաքրքրում:
Մարզպետի եղբոր օրինակին հետևեց մարզպետի հարսը: Irakanum.am-ը գրել էր, որ Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարսին՝ Անի Քոչարյանին, ով աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնում, հրահանգել էր դիմում գրել միջազգային կազմակերպություններից մեկին և դժգոհություններ հայտնել կազմակերպության տեղի ներկայացուցչի վերաբերյալ՝ Քոչարյանի անձնական էլ.փոստով։ Ըստ մամուլի տեղեկությունների` երբ տուրիզմի ոլորտի տվյալ պատասխանատուն այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, մարզպետը, հասկանալով, որ պետական պաշտոնյայի կողմից սխալ մոտեցում է ցուցաբերվել, հորդորել է Անի Քոչարյանին դիմում տալ ու ազատվել պատասխանատու պաշտոնից։ Դրանից հետո Անի Քոչարյանը ազատման դիմում էր գրել: Պարզվում է՝ Գյումրու քաղաքապետը անգամ տեղյակ էլ չի եղել, որ ՔՊ-ականներն իր մեջքի հետևում քաղաքը ներքաշում են միջազգային սկանդալի մեջ: Իսկ տեղյակ չէ, որովհետ քաղաքի դե ֆակտո կառավարումը հանձնված է ՔՊ-ին:
Կառավարում ասվածը սակայն մեղմ է հնչում, ավելի ճիշտ կլինի ասել` կառավարման բացակայությունը: Թափառող կենդանիների հարցը, որ այդքան սուր է դրված Գյումրիում և որի լուծմամբ զբաղվում էր Դավիթ Առուշանյանը, դոփում է տեղում: Տնակային ավանների հարցը այս ընթացքում որևէ լուծում չի ստացել: Վերջերս էլ օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերել է Գյումրու սեփականություն հողամասերն աճուրդով օտարելուն և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելուն, վիճահարույց իրավիճակի պատճառ է դարձել: Խմբակցությունները մեղադրել են միմյանց ոչ թափանցիկ աշխատելու մեջ: Սրան էլ պետք է ավելացնել, որ Նազելի Բաղդասարյանի մարզպետ նշանակվելուց ի վեր մարզում որևէ լուրջ և կարևոր ծրագիր չի իրականացվել: Թերևս ակնհայտ է դառնում, թե ինչ տեմպերով է ՔՊ-ն ձախողում Շիրակի մարզի կառավարումը, իսկ նրանց շնորհիվ մարզի անունն արդեն հնչում է սկանդալների միջազգային քրոնիկոնում...