Ալավերդիում երկու տարեկան դստերը Դեբեդ գետը գցելու համար ձերբակալված կնոջը մեղադրանք է առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձի համար։ Կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Ալավերդիում։ Ապրիլի 25-ին ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

Փոքրիկին գտել են Դեբեդ գետի ձախ ափին՝ ջրահեղձ և անգիտակից վիճակում՝ կրծքավանդակի, որովային սալջարդերով։ Փոքրիկին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում, հետագայում, երեխային մարզային բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխայի մոտ դրական դինամիկա է արձանագրվել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայրն էր երեխային գցել գետը՝ 3-4 մետր բարձրությունից։ Երեխայի 30-ամյա մայրը ձերբակալվել է՝ սպանության փորձի կասկածանքով։