Մենք Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ենք մեր առանձին ճանապարհով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նա նշեց, որ Ազատության հրապարակում գիշերները չի մնում, գնում է, մարդկանց մեջ շրջում, զրուցում նրանց հետ և հեռանում: Կարին Տոնոյանն ասաց, որ ընդդիմության հետ ունեն ընդամենը մեկ ընդհանուր բան՝ գաղափարը.

 

«Պայքարը մեր ձևով ենք տանում, ընդդիմության հետ մեր ճանապարհը ուրիշ է: Նրանց հետ ընդամենը նպատակն է նույնը՝ իշխանության հեռանալը, այլ աղերս ընդդիմադիրների հետ չունենք: Մենք Վանեցյանի հետ երբեք չենք համագործակցել և երբեք չենք համագործակցելու: Մենք ընդհանուր ոչինչ չունենք ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ո՛չ էլ Վանեցյանի հետ: Հակառակ դեպքում՝ կմիանանք նրանց և կդառնայինք նրանց թիմակիցը: Ես այն մարդը չեմ, որ երկակի խաղեր տա: Հենց այդ պատճառով պատերազմից հետո մենք ստեղծել ենք մի խումբ, որտեղ բոլորովին այլ տեսակետ ունենք մեր հայրենիքի ապագայի մասին և մենք մեր տեսակետների և ծրագրերի տերն ենք: Դուք էլ եք ուզում սար բարձրանալ, մենք էլ ենք ուզում այն բարձրանալ, բայց դրա համար տարբեր ճանապարհներ կան: Մենք իրենց չենք խանգարում այնքանով, որքանով նրանց նպատակն էլ է մեզ համար ձեռնտու՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը»,- նշեց մեր զրուցակիցը: 

 
 

Վերջինս նկատեց, որ անգամ իրենց և ընդդիմադիրների գաղափարների մեջ կա ինչ-որ տարբերություն՝ ընդդիմադիրները ցանակնում են, որ Նիկոլ Փաշինյանը  հեռանա միայն, իսկ իրենց շարժման անդամները՝ պատասխան տա.

«Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի, կանգնի դատարանի առաջ, այլ ոչ թե հեռանա: Մեզ չի բավարարում նրա հեռանալը, ապա ով պետք է պատասխան տա՞: Փաշինյանի պատասխան տալուց հետո մենք արդեն հանդես կգանք մեր առաջարկություններով, եթե կտեսնենք, որ ընդդիմադիրներն իրենց հետագա քայլերը ճիշտ են իրականացնում, ապա բարձրաձայն կասենք այդ մասին, եթե չտեսնենք դրանք՝ կդառնանք նրանց ընդդիմությունը»,- նշեց Տոնոյանը:

Հարցին, թե հիմա ինչպես է գնահատում ընդդիմության գորոծողությունները, նա պատասխանեց, որ չի ցանկանում այս փուլում որևէ գնահատական տալ.

 

«Ոչ մի գնահատական չեմ տա, որովհետև ցանկացած բան հնարավոր է լրիվ երկակի ընկալելի լինի, և ինչ- որ կերպ վնասի այս ամենին, որը ես չեմ ցանկանում: Ընդհակառակը ամեն ինչով ուզում եմ օգնել այդ պայքարին՝ շատ լավ տեսնելով սխալներն ու թերությունները: Բայց այդ մասին մենք կխոսենք հետո, որովհետև հիմա հարկավոր է օգնել՝ այս պայքարը հասնի իր նպատակին»,- նշեց նա:

 
 

Զվարթ Պետրոսյան