ԿԳՆ շենքի մոտ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիա իրականացնողներին միացել է «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող, հայ բանասեր, լրագրող Կարին Տոնոյանը: Թե որն է նրա պահանջը, պարզել է ԼՈՒՐԵՐ.com–ի թղթակիցը:
- Տիկին Տոնոյան, ինչո՞ւ եք միացել բողոքի ակցիային:
- Ես այստեղ եմ, որովհետև ես էլ եմ կրթության մարդ և ինձ հետաքրքրում է կրթության ոլորտի ցանկացած հարց, ցանկացած խնդիր: Առավել ևս, որ այդ խնդիրների մեջ շատ հաճախ հնչում է «Հայ ասպետ»-ի անունը:
- Ձեր բողոքը Արայիկ Հարությունյանի դե՞մ է, հատկապես նրա ո՞ր որոշման կամ նախաձեռնության:
- Ոչ, իմ բողոքն ընդհանրապես երկրում տարվող կրթական քաղաքականության դեմ է և ընդհանրապես, ապազգային քաղաքականության դեմ է: Ցավոք, մեկ բողոք ու մեկ խնդիր չէ, խնդիրները գումարվել են ու դարձել են անհանդուրժելի։
- Ի՞նչ դիրքորոշում ունեք Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաները համալսարաններում ոչ պարտադիր դարձնելու մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ:
- Գիտեք՝ մենք երեկ տեսանք մի կարևոր փաստ, որ անգամ վարչապետը շփոթվեց ու մեզ կովկասցի անվանեց, վաղը կարող է իշխանության գալ տնտեսագետ և չիմանալ, թե մենք, ի վերջո, ով ենք, որն է մեր պատմությունը: Բոլոր ֆակուլտետներում հայոց լեզուն ու պատմությունը պարտադիր է, որովհետև վաղը, մյուս օր նրանք կարող են երկիր ներկայացնել և, ընդհանրապես, իրենց ոլորտներում չտիրապետել հայոց լեզվին: Առանց այն էլ հիմա մեծ խնդիր ունենք՝ բուհերից շատերում կրթությունը տարվում է օտարալեզու գրքերով: Թարգմանություն չի կատարվում Հայաստանում: Եթե նույնիսկ այսպես մնա, մենք շուտով հայերենը կդարձնենք խոհանոցային լեզու: Ուսանողները համալսարանում պետք է պատմական կարևոր հարցեր ու հիմնախնդիրներ վերլուծեն, հայոց լեզուն ավելի բարձր մակարդակով անցնեն: Ասում են՝ դպրոցներում այս առարկաների բարձր մակարդակն ապահովվելու է: Ե՞րբ: Խայտառակ են հիմա մեր դպրոցների գրքերը, ծրագրերը: Երբ կհասնեք նրան, որ դպրոզներում առարկաները իրոք բարձ մակարդակով կդասավանդվի, կհավաքվենք, կքննարկենք՝ բուհում ինչ մակարդակով կդասավանդենք:
- Ուրիշ ի՞նչ խնդիրներ կմատնանշեք կրթության ոլորտում:
- Մենք թույլ չենք տալու փակել ազգային ինտելեկտուալ հեռուստախաղի ճանապարհը ոչ թե, որովհետև «Հայ ասպետ»-ը այլևս չի հեռարձակվում հենց իրենց որոշմամբ, այլ, որ նման նախագծեր պետք է իրականացվեն: Եվ դա չի լինելու «Գերազանցիկ»-ը: Դա ուղղակի ծիծաղելի շոու է: Ես ասում եմ, իհարկե, էթիկայի նորմեր խախտելով, բայց եթե հասցրել են սրան, պիտի ասենք, որ իրենց ստեղծածը լավը չի։ Բացի այս, մենք ուզում ենք, որ ՀՀ-ում գործի օրենք: Կա գնումների մասին օրենք, ուրեմն յուրաքանչյուր բան պետք է մրցույթով անցկացվի: Եթե «Հայ ասպետ»-ից լավ նախագիծ կհաղթի, մենք միայն ուրախ կլինենք: Բացի այդ՝ ինձ ցույց տվեք՝ ինչ մրցույթով է անցկացվել «Մել» ֆիլմի ֆինանսավորումը, ցույց տվեք: Դա պիտի անգամ նկարահանված լիներ, ինչ մրցույթով է իրականացվել այդ ներկայացում կոչվածը, որը բեմադրվեց Հանրապետության հրապարակի մետրոյի նախամուտքում: Ցույց տվեք՝ մենք էլ իմանանք՝ այդ հանձնաժողովի անդամներն ովքեր են, որ նմանատիպ որոշումներ են կայացնում: Ես այստեղ եմ և դիմում եմ նախարարությանը՝ ես պատրաստ եմ նույնիսկ հեռուստաեթերում՝ ամբողջ ժողովրդի աչքի առաջ լսելու ձեր մեղադրանքները մեր՝ բողոքողներիս հասցեին և պատասխանելու ձեզ: Ես մեկ տարուց ավել է՝ եկել եմ, խնդրել եմ, գրել եմ, ոչ մի անգամ նախարարն ինձ չի ընդունել: Նախարարությունում կան մարդիկ, որոնց սորոսականներ են ասում, նրանք ապազգային քաղաքականություն են տանում, որը մենք թույլ չենք տալու։