Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իրենք հետևում են Հայաստանում տիրող անհնազանդության բողոքի ակցիաներին։ Նա, մասնավորապես, նշել է.
«Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ 5-6 հազար մարդ չկա։ Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- ասել էր նա:
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ, որն ասաց՝ այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը անհնագստացած է Հայաստանում տիրող գործընթացներից.
«Նրանք, բնավ, չեն ցանկանում, որ Հայաստանում գործող իշխանությունը, որը, վարում է իրենց ձեռնտու քաղաքականություն, փոխվի: Իշխանափոխության դեպքում, բնականաբար, չի գալու այնպիսի իշխանություն, որը կշարունակի այսօրվա քաղաքականությունը, մասնավորապես, Արցախի հարցի և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: Գալու է լրիվ այլ քաղաքական ուժ, որը ամբողջովին վերանայելու է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները»,- ասաց քաղաքագետը:
Վերջինս ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները շատ ավելի լարված են և խուճապահար, քան Թուրքիան և Ադրբեջանը, քանի որ ՀՀ-ում հեղափոխության հետևանքները յուրաքանչյուրի վրա տարբեր կլինեն.
«Չենք կարող ասել, թե Ադրբեջանում ու Թուրքիայում խուճապ կա, բայց լարված են, որովհետև իշխանափոխություն կազդի ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ադրբեջանի և Թուրքիայի վրա: ՀՀ-ում իշխանափոխության դեպքում այսօրվա շատ պատգամավորներ կարող են հայտնվել քրեակատարողական հիմնարկներում, կամ արժանանան հասարակական պարսավանքի, շատերը լքեն երկիրը, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում ոչ Ալիևն է բանտում հայտնվելու, և ոչ էլ Էրդողանն է պարսավանքի առարկա դառնալու, բայց վերջիններս հասկանում են, որ ՀՀ-ում իշխանափոխությունը իրենց կարող է կանգնեցնել լուրջ խնդիրների առաջ: Ադրբեջանի համար հարցականի տակ կդրվի Լաչինի, Հադրութի, Շուշիի, Քելբաջարի կարգավիճակի հարցը, այսօր դրանց կարգավիճակը պարզ է, բայց նոր ղեկավարությունը կարող է այդ հարցերը բարձրացնել, Թուրքիայի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը այս իշխանությունների օրոք դադարեցվել է»,- ընդգծեց Արմեն Բադալյանը:
Հարցին արդյոք իշխանափոխություն կլինի, քաղաքագետը պաստախանեց, եթե ընդդիմադիր ուժերը գրագետ աշխատեն, ապա այն կլինի.
«Իշխանափոխությունը կախված է ոչ թե իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից, այլ՝ ընդդիմությունից, թե ինչքանով կկարողանա այս փուլում գարգետ աշխատել: Այս պահին չեմ ասի, թե գրագետ են աշխատում, եթե աշխատանքի արդյունավետությունն ու որակը բարձրացնեն, ապա իշխանափոխությունը միանշանակ տեղի կունենա, քանի որ անհրաժեշտ բոլոր պայմանները կան»,- ասաց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ գրագետ գործողություններ անվանելուն խանգարում է ընդդիմադիրների շատ բաների չիմացությունը ու նրանց փորձառու չլինելը:
Զվարթ Պետրոսյան