Դատախազությունը կքննարկի Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ Ավելի ուշ նաեւ ՔԿ-ն էր պաշտոնապես հաստատել, որ վրաերթից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։