«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ: Մինչ այդ նրանք այցելել էին ԱԳՆ շենք, ԵՊՀ եւ Տնտեսագիտական համալսարան, որպեսզի պարզեն նախարարների եւ ռեկտորների վերաբերմունքը Արցախի հարցում:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այդտեղից շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, իսկ ժամը 19-ին տեղի կունենա հանհահավաք Ֆրանսիայի հրապարակում:
Հիշեցնենք, որ ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստում նշվում է. «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։