Սևադա Ղուկասյանը երեկ՝ հունիսի 1-ի գիշերը, երկու ամսով կալանավորվել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Սևադան հանցագործության վերաբերյալ հաղորդում էր տվել, որ խաղաղ ակցիաներից մեկի ժամանակ իրենց բերման են ենթարկել և կոտրել իր ատամը, այդ ակցիայի ժամանակ նաև ՄԻՊ աշխատակիցներ էին եղել, որոնք հենց հորդորել էին Սևադային հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել ոստիկանների դեմ: Հատկանշական է, որ հաղորդում տալուց և վարույթ սկսելուց հետո ինչ-ինչ կասկածելի հանգամանքներում Սևադային Արաբկիրի բաժին են բերման ենթարկում, իբր թե Արաբկիրում մեքենաների հայելիներ են գողացվել և իր հեռախոսը հենց այդ տարածքում ֆիքսվել է: Հեռախոսը ձեռքից վերցրել էին, որից կարճ ժամանակ անց համացանցում հայտնվել էր մի ձայնագրություն, որտեղ Սևադան մի անձնավորության հետ խոսելիս իբրև ասում է, թե ատամի պլոմբն է պոկվել, գնում է ոստիկաններին շառ»,-պատմեց պաշտպանը:
Վերջինս նշեց, որ հասկանալի չէ, թե դա ինչ ձայանագրություն է, մոնտաժված է, թե՞ ո՞չ, և ի՞նչ կոնտեքստից է կտրված.
«Հնարավոր է նաև, որ Սևադան այդ հեռախոսազրույցն է ունեցել հենց ոստիկանական մեքենայի մեջ, երբ իրեն բաժին էին տանում, հաշվի առնելով իջևանյան բարբառը, շառ ասելով հանարվոր է նա նկատի ունենար թե՛ զրպատությունը և թե՛ հաղորդում տալը: Սևադայի կողմից տրված հանցագործության մասին հողորդման քրեական գործը, թե ոստիկանի կողմից բռնություն է եղել, կարճվեց: Անամիջապես նույն օրը Սևադայի նկատմամբ ձերբակալության որոշում կայացվեց, իրեն բերման ենթարկեցին, ձերբակալեցին, հաջորդ օրը կալանքի տարան ու հրատապ կերպով կալանքը եղավ: Նշեմ, որ կալանքի հիմքով բերված փաստերը, կարելի է ասել, որ հիմնավոր չէին, մենք 3 ժամից ավելի փորձում էինք դա հիմնավորել, սակայն դատավորը այն կարծիքին էր, որ Սևադան կարող է ազատության մեջ մնալով խոչընդոտել նախաքննությանը, կարծում եմ՝ անհիմն է, դա նույնն է, որ յուրաքանչյուր կասկածյալի կալանավորեն՝ նույն պատրվակը բերելով»,- նշեց Սերգեյ Հարությունյանը:
Պաշտպանը Սեւադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում.
«Ամբողջ օրը մենք տեսնում ենք, թե քաղաքացիները ոստիկանների կողմից ինչ բռնության են ենթարկում, բայց դեռ որևէ ոստիկան կալանավորված կամ ձերբակալված չէ. այս ամենով նախադեպ ստեղծվեց, որ անձը հաղորդում տալուց առաջ նախօրոք մտածի՝ արդյոք հետո դա իր դեմ չի շրջվի և իրեն չեն մեղադրի սուտ մատնության մեջ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: