Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանությունը կատարելու համար մեղադրվող մյուս կուրսանտ Արմեն Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Այդ մասին HayNews.am-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Դատարանը բավարարել է կալանքի մասին միջնորդությունը հունիսի 4-ի ուշ երեկոյան: Կուրսանտի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել' «Սպանությունը' ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը», ինչի համար քրեական օրենսգիրքը սահմանում է պատիժ 8-15 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին' ժամը 21:40-ի սահմաններում, հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս. Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է: