Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Telegram-ում իր գրառումների առանձնահատուկ կոշտության մասին հարցին։ Նա հայտարարել է, որ ատում է «սրիկաներին ու տականքներին», ովքեր «Ռուսաստանի մահն են ուզում»։ Միաժամանակ, Մեդվեդևը չի պարզաբանել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Ամենից հաճախ ԱԽ փոխնախագահը բացասաբար է գրում Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ-ի իշխանությունների մասին, գրում է Kommersant-ը։
«Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչու են իմ Telegram-ի գրառումներն այդքան դաժան: Պատասխանն այն է, որ ես ատում եմ նրանց: Նրանք սրիկաներ են և տականքներ։ Մեր՝ Ռուսաստանի մահն են ուզում։ Եվ քանի դեռ ողջ եմ, ամեն ինչ կանեմ, որ դրանք անհետանան»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։
Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում պարբերաբար հրապարակում է գրառումներ՝ անդրադառնալով Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին և Արևմուտքում ռուսական մշակույթի վերացմանը։ Օրինակ, նրա վերջին հրապարակումը կենտրոնանում է ԵՄ-ի կողմից ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու և պատժամիջոցների վեցերորդ փուլի այլ սահմանափակումների վրա: Նա ասել է, որ ԵՄ երկրները ստիպված կլինեն հումք փնտրել և օգտագործել «գորշ սխեմաներ»՝ շրջանցելու «սեփական հիմար պատժամիջոցները»։