«Դիմադրություն» շարժման հավաքն ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ հունիսի 20-ին, հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթով շարժվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, Ոստիկանության եւ ԱԱԾ շենքեր։
Շարժման մասնակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ վանկարկում էին՝ «առանց ՔՊ Հայաստան», «Նիկոլ, մարդասպան»։ Մասնակիցները նաեւ կարմիր ներկ էին լցրել շենքի մոտ։
Հավաքի վերաբերյալ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.
«Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք: Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել»։