Հեղափոխությունից հետո Հայաստանում բազմաթիվ ռազմավարական ոլորտներում քաոսային իրավիճակ ստեղծվեց։ Բացառություն չէր գյուղատնտեսության ոլորտը, որը եթե չասենք հիմնովին ավիրվեց, ապա զգալի հարված հասցվեց թե շարքային սպառողին, թե գյուղացուն։ Գյուղատնտեսական վարկերը ջրել խոստացող, ոռոգման ջուրը գողացող օլիգարխներին պատժել խոստացող իշխանությունները այսօր աշխատում են, որպեսզի յուրայինների և նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք և ընկերությունները ոլորտում գերշահույթներ ապահովեն' ի հաշիվ իհարկե գյուղացու և սպառողի։
Դիցուք ' ընդամենը մեկ տարի առաջ հանրությանը հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են ապօրինի տեղադրված խողովակներով։ Այս մասին կատարված ուսումնասիրություններից հետո հայտարարություն էր տարածել Պետական վերահսկողության ծառայությունը։ Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Եվ սա ընդամենը ապօրինությունների մի մասն է, որը կատարվել է Աբրահամյանին պատկանող ջերմոցներում, համապատասխան քրեական գործերը սակայն ջրվել են իշխանությունների կողմից:
Նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծման մեծագույն ջատագով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի դիմացել ջերմոցային բիզնեսի գայթակղությանը: Ըստ մամուլի հրապարակումների վերջինիս է պատկանում Սյունիքի մարզի լոլիկի ջերմոցների զգալի մասը, որոնք էականորեն խանգարում են անհատ գյուղացիներին' շուկայում իրացնելու իրենց ապրանքը, քանի որ այդ նույն շուկայում գինը սկսում է թելադրել ժամանակից շուտ վաճառվող ջերմոցային ապրանքը:
ՊԵԿ նախկին նախագահ և Կարեն Կարապետյանի հովանավոր Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին Ֆարմեր» ընկերությունը բազմիցս օգտվել է գործադիրի տրամադրած բիզնես արտոնություններից՝ նոր ջերմոցներ կառուցելու համար:
Վարդերի ջերմոցների մեծ սիրահար է նաև Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Ղարիբյանը, ում «Էկոտոմատո» և «Արմյանսկի ուրաժայ» ընկերությունները, ունենալով արտահանման հսկայական ցուցանիշներ, չգիտես ինչպես, երբեք չեն հայտնվել խոշոր հարկատուների 1000-ում:
Վերջին ամիսներին բավական լարված իրավիճակ է պարարտանյութերի շուկայում, որոնց գները տիեզերական մասշտաբների են հասել՝ հարվածելով գյուղացիների գրպանին: Սակայն, կառավարությունը գյուղացուն օժանդակելու փոխարեն, որոշեց սուբսիդավորել դրանք ներկրող օլիգարխների բիզնեսները: Դիցուք՝ Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ըստ մամուլի տարբեր հրապարակումների, մեծ մասնաբաժին ունի պարարտանյութերի շուկայում:
Նույնը կարելի է ասել սպանդանոցների մասին, որոնք կառուցվեցին հարվածելով գյուղացիների գրպանին, դրանք ևս պատահական մարդկանց չեն պատկանում: Վայոց ձորում գործող սպանդանոցը շահագործում է «Վայոց ձոր մսամթերք» ՍՊԸ-ն։ Ընկերության տնօրենը Եղեգնաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանն է:
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն անասնաֆերմա ունի Արփի Լիճ ազգային պարկից ոչ հեռու, իսկ ազգային պարկը շատ հարմար արոտավայր ու խոտհարք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի համար: Ի դեպ, նշենք, որ Սարուխանյանի ֆերմայի անասնագլխաքանակը 7-8 անգամ աճել է հեղափոխությունից ի վեր։
Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունից հետո կտրուկ աճել են ներկա և նախկին իշխանությունների՝ գյուղատնտեսության ոլորտից ստացված շահույթները, ինչը չես ասի գյուղացիների և շարքային սպառողների մասին, որոնց իրավունքները մտահոգիչ հաճախականությամբ ոտնահարվում են հեղափոխական իշխանությունների կողմից...