Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը անելու է ամեն ինչ՝ ներդրողներ գտնելու և «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու համար: Անցել է շուրջ 2.5 տարի, սակայն, այսօր «Նաիրիտը» ոչ միայն չի վերագործարկվել, այլ մի բան էլ ապամոնտաժվում է և մաս-մաս վաճառվում:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Նաիրիտի ապագայի հանդեպ առավել սրտացավ էր: Մասնավորապես. լինելով ԱԺ պատգամավոր` նա բազմիցս հայտարարել է, որ եթե կառավարությունն իսկապես ուզում է տնտեսություն զարգացնել, պիտի վերագործարկի «Նաիրիտ գործարանն» ու «Վանաձորի Քիմպրոմը»: Մյուս կողմից էլ ընդդիմադիր Փաշինյանը գործող իշխանություններին մեղադրում էր «Նաիրիտը» թալանելու, կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու, դրանց վրա աչք փակելու մեջ, նշելով, որ, կարծես թե, սովորական երևույթ է, որ «քիմիական հսկան ռասկուլաչիտ են անում օրը ցերեկով»: Նա նաև մեղադրում էր իշխանություններին այն բանում, որ հրաժարվում էին հայտնել, թե որքան վարկ է վերցվել «Նաիրիտ գործարան»-ը աշխատեցնելու համար: Բոլորը հրաժարվում էին խոսել «Նաիրիտի» վարկերի մասին, ըստ Փաշինյանի՝ դա վտանգավոր թեմա էր՝ փողերի լվացման դասական օրինակ:
Չնայած հնչեցրած բոլոր մեղադրանքներին՝ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչինչ չարեց ոչ «Նաիրիտը» վերագործարկելու, ոչ պոտենցիալ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: Փաշինյանը նաև մոռացության մատնեց իր իսկ կողմից վկայակոչված թալանը և փողերի լվացումը, «Նաիրիտի» վարկային պատմության բացահայտումն էլ Փաշինյանի համար առաջնահերթ խնդիր չհանդիսացավ, իսկ 2018-ի հունիսին խոստացված աուդիտը այդպես էլ չանցկացվեց՝ անհասկանալի պատճառներով: Հեղափոխությունից հետո «Նաիրիտի» համակարգող խումբը բազմաթիվ անգամ դիմել էր ԱԱԾ և ՊՎԾ՝ փաստեր ներկայացնելով, որ թալանը շարունակվում է նաև այսօր՝ գործարանի գույքը վաճառվում է, խոչընդոտվում է համակարգող խմբի աշխատանքը, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան:
Հետհեղափոխական Հայաստանում ռեկորդային թվով կոռուպցիոն քրեական գործեր են հարուցվել, սակայն, դրանց շարքից զարմանալիորեն բացակայում է «Նաիրիտի թալանի» գործը: Ստացվում է՝ կա՛մ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դասական պոպուլիզմի էր դիմում` ձեռքի տակ չունենալով որևէ առարկայական փաստեր, կա՛մ հեղափոխությունից հետո վերջինս կոծկում է «Նաիրիտը թալանածներին» ՝ նրանց հետ ունեցած ինչ-ինչ պայմանավորվածությունների շրջանակում: Հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ինչու է «Նաիրիտի» «ռասկուլաչիտի» ավանդույթը շարունակվում նաև Նոր Հայաստանում, իսկ «Նաիրիտի» թալանի թեման հանդիսանում վտանգավոր թեմա նաև Հայաստանի հեղափոխական իշխանությունների համար...