Երևույթը, կարծես, կրկնեց ինքն իրեն, միայն տեղերի և դեմքերի փոփոխությամբ՝ պայքար, նախագահական ընտրություն, երդմնակալություն, իսկ հաջորդ քայլը, ըստ տրամաբանության, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված՝ ենթադրվում է կառավարության ձևավորումը, այսինքն՝ առաջին հերթին վարչապետի նշանակումը՝ որպես աքսիոմ:
Դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իր երդմնակալության օրն ևեթ Տիգրան Սարգսյանին նշանակեց ՀՀ վարչապետ, այնուհետև նոր հետևեցին նախարարական պորտֆելների բաշխման կարևորագույն գործընթացները: Այս անգամ, սակայն, անցավ և ապրիլի 9-ը և դրան հաջորդող երկու օրը, բայց շշուկներ անգամ չկան նշանակումներից, և ինչու չէ, վերանշանակումներից: Ամեն ինչ, կարծես, ստվերել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր պայքարով ու այցով, այդուհանդերձ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարության հրաժարականից 10-օրյա ժամկետում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարտավոր է նշանակել վարչապետ, այսինքն՝ դեռևս մինչև ապրիլի 19-ը Տիգրան Սարգսյանն իրավունք կունենա պաշտոնավարել որպես ՀՀ վարչապետ, որից հետո կա՛մ նրա փոխարեն կառավարության ղեկը կստանձնի մեկ ուրիշը, կա՛մ նորից Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել:
Կամերի այս հաջորդականությունն ուսումնասիրվել և քննարկվել է բազմիցս ու որպես հանգուցալուծում թելադրել Տիգրան Սարգսյանի անունը՝ որպես վարչապետ, եթե նաև հաշվի առնենք այն հավանական գործիչների պահվածքը Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որոնց շահ հաճախ դիտարկում են վարչապետի դերում, ապա ևս մեկ անգամ կարելի է գալ այն եզրահանգման, որ միակ թեկնածուն, որը, թերևս, այս պահին ունի բավարար շանսեր այդ աթոռը զբաղեցնելու համար, Տիգրան Սարգսյանն է:
Անդրադառնալով այն գործիչներին, որոնք կարող են և կարող էին հայտնվել այդ պաշտոնում, չի կարելի չհիշատակել Կարեն Կարապետյանի (գազի Կարենի) անունը, ով որոշ ժամանակ առաջ համարվում էր հիմնական հավակնորդն այս մրցավազքում։ Չնայած այս՝ արդեն բացառման փաստին նաև սեփական անձի կողմից, Կարեն Կարապետյանը դեռևս շանսեր ունի՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի նշանակման որոշման ձգձգումները:
Եթե Սերժ Սարգսյանը կասկածներ չունենար կամ ինչ-որ բանի չսպասեր, ապա միանշանակ, եթե ոչ ապրիլի 9-ին, ապա գոնե հաջորդ օրը կհրապարակեր իր որոշումը, այսինքն՝ որոշման հապաղման խթան որպես այդպիսին առաջին հերթին կարող է հանդիսանալ Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծը, իսկ երկրորդ հերթին՝ ՌԴ-ից Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում չհաստատելու գործոնը: Վերջինիս, սակայն, որպես լուծում կարող է հանդիսանալ Երևանում կնքված հայ-ռուսական համաձայնագիրը Եվրասիական միության հետ գործակցության մասին:
Այսինքն՝ ռուսամետ Կարեն Կարապետյանին խաղից դուրս թողնելու և Տիգրան Սարգսյանին որպես ՀՀ վարչապետ նշանակելու ՌԴ պահանջները, կամ, այսպես կոչված, նախապայմանները կարծես թե բավարարված կարելի է համարել, այսինքն՝ փաստաթղթի վավերացումից հետո Տիգրան Սարգսյանը հնարավություն կստանա վերջապես ստանձնելու վարչապետի պաշտոնը:
Այսպիսով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագծի և ՌԴ պահանջների բավարարման սինթեզը, բացի ամեն ինչից, Սերժ Սարգսյանին հնարավորություն կարող է տալ կառավարության նոր կազմը կառուցելու ընթացքում, ասել է թե՝ նախարարական պորտֆելներ բաժանելու գործընթացում դիմել նորարությունների, այսինքն՝ կոալիցիոն կառավարության գաղափարը որպես իշխանական առատաձեռնության էտալոն կամ սիմվոլ ներկայացնելու փորձ ձևակերպելով, ինչը, համենայն դեպս կարող է բավական լուրջ արձագանք գտած լինել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցելությունից հետո իր ծրագրային գաղափարներում:
Ստացվում է, որ, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի որոշման երկարատև հապաղման պատճառ հանդիսացող երկու ֆակտորները կարող են իրենց հանգուցալուծումը գտնել մոտակա օրերի ընթացքում, որն էլ թույլ կտա «ճանաչել» ՀՀ վարչապետին:
Գևորգ Ավետիսյան