Միջուկային զենքի կիրառման ներկայիս վտանգը գերազանցում է այն մակարդակը, որը կար Սառը պատերազմի ժամանակ։ Այս մասին օգոստոսի 1-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Հայտարարությունն արվել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման համաժողովի ժամանակ, որը բացվել է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում։
«Համաժողովը տեղի է ունենում մեր հավաքական խաղաղության և անվտանգության համար վճռորոշ ժամանակաշրջանում: Եվ այն անցկացվում է միջուկային զենքի կիրառման այնպիսի վտանգի ժամանակ, որը չկար սառը պատերազմից ի վեր»,- ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով' մարդկությունը անցյալից դասեր չի քաղում և դադարեցրել է համագործակցությունը միջուկային զինաթափման հարցում։
«Մարդկությանը սպառնում է մոռանալ Հիրոսիմայի և Նագասակիի սարսափներից քաղած դասերը: Աշխարհաքաղաքական լարվածությունը հասնում է նոր բարձրակետի, մրցակցությունը սկսում է գերակայել համագործակցությունից: Երկխոսությանը փոխարինել է անվստահությունը, զինաթափումը փոխարինվել է անմիաբանությամբ»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաժողովի նախօրեին հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ բանակցել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ, որը կփոխարինի Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին։