Հայությունը շարունակում է մեծ տագնապով հետևել Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին, հատկապես մտահոգ լինելով՝ այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով։ Պատերազմի մեկնարկից ի վեր որքա՞ն հայ է լքել Ուկրաինայի սահմանները, ի՞նչ խնդիրներ ունեն ուկրաինահայերը և ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը, նախ, նշեց, որ պատերազմի հենց առաջին օրվանից ՀՀ Դեսպանությունը և հյուպատոսական ներկայացուցչությունները սերտ կապի մեջ են Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, որոշ դեպքերում նաև աջակցություն է ցուցաբերվել ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին:
«Այսօր Ուկրաինայի տարբեր քաղաքներում բավականին ակտիվ գործունեություն են ծավալում կամավորները, որոնց սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ են մատակարարում դրա կարիքն ունեցող հատկապես տարեց քաղաքացիներին: Պետք է նշեմ, որ հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև Ուկրաինայի հայերի միությունն իրենց տեղական ներկայացուցչություններում, ինչպես նաև տարբեր քաղաքներում Հայկական եկեղեցիներում նույնպես տրվում է սնունդ դրա կարիքն ունեցողներին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, չնայած առկա խնդիրներին, որոնք քիչ թե շատ լուծում են գտնում, ամենամեծ մարտահրավերն այսօր հայերի համար, հատկապես Խարկովում, և այլ քաղաքներում, գրեթե ամենօրյա բնույթ կրող ռմբակոծություններն են, որի արդյունքում շատերը կորցնում են տարիներով ստեղծած իրենց տները, և, որոշ դեպքերում, այդ պայթյունների արդյունքում, ցավոք սրտի, ունեցել ենք ողբերգական ելքով դեպքեր:
Ինչ վերաբերում է Ուկրաինան լքած մեր հայրենակիցների ճակատագրին, Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության աշխատակիցն ասաց․
«Ցավոք, մինչ այսօր դեռևս անհնար է պաշտոնական տվյալներ տրամադրել, թե որքան ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներ են լքել Ուկրաինան, քանի որ այդպիսի տվյալներ չեն տրամադրվում համապատասխան մարմիններից, սակայն, կուզեմ նշել, որ բավականին թվով հայեր արդեն հասցրել են դուրս գալ Ուկրաինայից: Նրանց մի մասը վերադարձել է Հայաստան»։
Հովհաննիսյանը հավելեց նաև, որ պանդխտության ճամփան բռնած մեր հայրենակիցների զգալի մասն էլ նախընտրել է տեղափոխել դեպի եվրոպական երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա և այլն), և, թեկուզ ժամանակավոր, հանգրվանել այնտեղ' օգտվելով այդ երկրների կողմից Ուկրաինայից ժամանածներին տրվող ժամանակավոր պաշտպանությունից, ֆինանսական և այլ աջակցություններից:
Արա Ալոյան