Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը, գրում է pastinfo.am-ն։
Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության՝ նախապատրաստման փուլում պաշտպանության կողմը միջնորդել էր գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի կալանավորումը։
Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։
Դատարանը բողոքի քննությունն ավարտել է երեկ, պաշտպանները պնդել են բողոքը՝ ներկայացնելով նաև Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործից Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ մասն անջատվել է և այժմ քննվում է առանձնին վարույթում։