Օրերս Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայում հռչակվեց փոխչեմպիոն։ Իմաստուն խաղի հայ վարպետները հերթական անգամ ապացուցեցին, որ մոլորակի շախմատային քարտեզի վրա մեր երկիրն իր ծանրակշիռ տեղն ունի, և ամենևին էլ չափազանցված չեն Հայաստանի՝ շախմատային գերտերություն լինելու մասին խոսակցությունները։
ԼՈՒՐԵՐ․com-ի խնդրանքով, մարզական ու համազգային կարևոր նվաճման մասին իր տպավորություններն ու գնահատականը ներկայացրեց Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը։
Հավաքականի նվաճումը կարելի է մի քանի առումով կարևոր, նույնիսկ՝ պատմական համարել․ թիմի երկար տարիների առաջատար Արոնյանի բացակայությամբ այսպիսի հրաշալի արդյունք գրանցել։ Ո՞րն է այս հաջողության իրական բանաձևը։
Ա․ Փ - Անկասկած հայկական շախմատի համար շատ մեծ կորուստ էր Լևոն Արոնյանի ֆեդերացիան փոխելը (մեր ընտրանու երկարամյա առաջատարն այլևս հանդես չի գալիս ՀՀ դրոշի ներքո և այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները-խմբ․)։ Միանշանակ, ոչ մի բանաձև չի կարող երաշխավորել կոնկրետ մրցաշարում հաջող հանդես գալը, մենք օլիմպիադայից առաջ հավաքներ ունեցանք, որտեղ շախմատից բացի տղաները նաեւ ֆիզիկականի վրա էին աշխատում։
Անչափ կարեւոր է, որ մեր թիմը մրցաշարի ընթացքում կարծես մեկ օրգանիզմ լիներ, ամեն ինչ միասին էինք անում, բոլորը պայքարում էին մինչեւ վերջ և բոլորի նպատակը թիմի հաջողությունն էր։
- Ակնհայտ է, որ Հնդկաստանում գրանցված արդունքը քո մարզչական կարիերայի շռնդալից ձեռքբերումներից է․ ի՞նչ զգացողություններ ունես, ինչպե՞ս կբնութագրես տեղի ունեցածն անձնական մակարդակում։
Ա․Փ - Ճիշտն ասած, որևէ արտասովոր բան չեմ զգում, կարող եմ նույնիսկ ասել, որ երբ վերջին խաղում հաղթեցինք Իսպանիայի հավաքականին՝ կարծես հերթական դիմակայությունն էինք հաղթել, սովորականի պես էինք մեզ պահում, հասկանում էինք, որ շատ մեծ հաջողության ենք հասել, բայց ափսոսում էինք, որ չհաղթեցինք մրցաշարը։ Շատ մոտ էինք հաղթանակին։
Հայաստանի շախմատային ընտրանու համար ի՞նչ նոր նշաձող է դրվել, որն է լինելու հաջորդ նվաճումը, չէ՞ որ հաղթողները դափնիների վրա չեն ննջում։
Ա․Փ - Մենք այս մրցաշարից առաջ էլ կոնկրետ նշաձող չէինք դրել, մեր նպատակն էր որքան հնարավոր է լավ հանդես գալ։ Մրցաշարի ընթացքում փորձում էինք երկար պլաններ չկազմել, գալ և օրվա մրցախաղը հաղթել։
Զրուցեց՝ Արա Ալոյանը