Տարածված կարծիք կամ նույնիսկ պնդում կա, թե հայ հասարակությունը հոգեբանական առումով տրավմատիկ է այլևս․ 44-օրյա արցախյան պատերազմ, հաջորդող կորստաբեր դիպվածներ, Արցախի պարբերական հայաթափում, իսկ ամենից թարմ ողբերգությունը՝ օգոստոսի 14-ին Երևանի սրտում, «Սուրմալու առևտրի» կենտրոնի պայթյունը։
«Այո, համամիտ եմ, տրավմատիկ ենք դարձել։ Ավելին, տարօրինակ կլիներ, եթե այսքան կորուստ, ցավ ու արյուն, նվաստացում տեսնելուց հետո մեր հոգում վերքեր չառաջանային։ Սրան զուգահեռ, առկա է հոգեբանական տեսակետից մեկ այլ, ոչ պակաս վտանգավոր զարգացում՝ հասարակության հավաքական ինքնագիտակցության վիկտիմիզացիա։ Մեր թշնամիները՝ արտաքին ու ներքին, ձեռք ձեռքի տված ամեն ինչ արեցին ու անում են մեզ հոգեբանորեն զոհի վերածելու համար՝ ցածրացված ինքնագնահատականով, դահիճի առաջ անկամ զոհի։ Ավաղ, ինչ -որ չափով դա թշնամուն (արտաքին թշնամին ներքին թշնամու ձեռամբ) հաջողվեց»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Ըստ մասնագետի, լինում են զոհի տարբեր տեսակներ․ թշնամու առջև խեղճացած, գետնատարած, քծնող, իսկ մեկ այլ դեպքում զոհի վիճակում հայտնվածը շտկում է ողնաշարը, թույլ չի տալիս, որ իր ինքնագնահատականը վնասվի, չի կորցնում արժանապատվությունը ծանրագույն պայմաններում անգամ։
«Ի՞նչ անել մեր պարագայում․․․Բոլոր հնարավոր միջոցները օգտագործել մարդկանց մեջ պայքարի ոգին արթնացնելու համար, կանգնեցնել ազգային ինքնագնահատականի սրընթաց անկումը։ Պետք է նկատի ունենալ, որ հասարակության տրավմատիկ վիճակները շատ ավելի արագ շտկելի են, քան անհատինը։ Մեկ-երկու դրական զարգացում, և հասարակությունը սկսում է ապաքինվել։ Այդպիսի թերապևտիկ էֆեկտ հաստատ կունենա այս չարաբաստիկ իշխանության հեռացումը»,-ընդգծեց Կարինե Նալչաջյանը։
Զրուցեց՝ Արա Ալոյանը