«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ոչ մի րոպե դադար»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական Հայկ Ստեփանյանը՝ նկատի ունենալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով տեղում աշխատող փրկարարներին:
Այս օրերին գերմարդկային ջանքեր գործադրող փրկարարների աշխատանքն իսկապես դրվատանքի է արժանի, անհասկանալի ու բավականին տգեղ է, սակայն, մարդկային ողբերության ֆոնին ինքնագովազդվող չինովնիկների վարքագիծը: Նրացից մեկն էլ հենց նախարարի օգնական Ստեփանյանն է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների ու փոշու մեջ, չգիտես՝ ինչպես, փայփլուն կոշիկներով, հարդարված մազերով ու չփոշոտված հագուկապով էր միշտ երեւում տեսախցիկների ու ֆոտոխցիկների առջեւ: «Հեղափոխության պահապանների» գլխավոր հերոսը, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր, այժմ էլ, փաստորեն, Արմեն Փամբուխչյանին է օգնում գուցե փլատակների ֆոնին ճիշտ հագուստ ու կոշիկներ ընտրելու հարցում: Արտակարգ իրավիճակների նախարարի օգնականը փաստացի մի անձ է, որ այժմ՝ հենց այս պահին, խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով է անցնում:
Այդ հանգամանքը, փաստորեն, բնավ չի կաշկանդում նախարար Փամբուխչյանին իրեն օգնական նշանակել մի անձի, որ, բացի ներկա դատական գործը, մինչեւ դա էլ լրատվամիջոցի վրա ձվային հարձակում իրականացնելու համար էր որպես մեղադրյալ ներգրավված: Բայց եթե «Ազատություն» ռ/կ-ի վրա «հարձակում իրականացնելու» համար դաշնակցական Գերասիմ Վարդանյանն այժմ կալանավորված է, ապա «պահապան» օգնականը «Հայելի» ակումբի վրա հարձակում իրականացնելուց հետո ոչ միայն չի կալանավորվել, այլեւ իշխանության բարձրագույն դափնիների է արժանացել, պաշտոն ստացել ու սկսել հիացական լուսանկարներ հրապարակել իր աշխատասենյակից, ԱԻՆ աշխատաժողովներից ու, որ ամենանողկալին է, խրոխտ կեցվածքով՝ փլատակների վրայից: Արմեն Փամբուխչյանը Հայկ Ստեփանյանին տաքուկ աթոռ շորհելիս գուցե տեղյակ չի եղել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անգամ ժամանակին քննադատել արկածախնդիր երիտասարդի վարքագիծը:
Ամբողջական հոդվածը՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում