«Մեծ հույսով ու հավատով քվեարկեցի հանուն մեր երկրի ապագայի»,- այս մասին այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից․ «Քվեարկեցի հանուն նրա, որ այդ ակնկալիքներն արդարանան, չհիասթափվի, տեսնի այն Հայաստանը, որը երազում է»,-ասաց Ռուստամյանը։

 

Նա նշեց, որ քարոզարշավի համար տրված ժամանակն աննախադեպ քիչ էր, իսկ ասելիքը՝ շատ-շատ։

 

Անդրադառնալով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Ռուստամյանը նշեց․ «Ե՛վ նախկինում, և հիմա՝ զերծ կմնամ գնահատականներ տալուց՝ թողնելով հարցը դատարաններին։ Մենք ուշի-ուշով հետևելու ենք գործընթացներին և մեր գնահատականները կտանք։ Կարծում եմ՝ այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն և նշանակություն ունի, որ այստեղ պետք է ամեն ինչ շատ բծախնդիր կատարվի՝ հարգելով օրենքի տառն ու ոգին։ Սա առաջին ամենամեծ քննությունն է լինելու մեր դատական համակարգի։ Կարծում եմ, որ մենք հետագայում կունենանք ավելի հստակ ասելիք և մեր մոտեցումները հրապարակային կներկայացնենք»,- նշեց նա։