Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց, սակայն րոպեներ անց հետաձգվեց «5-րդ Ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական նիստը: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին:
Դատական նիստի մեկնարկին դատավորը հայտարարեց՝ դատարանը գրություն է ստացել Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանից, որ մասնակցում է նախապես նշանակված մեկ այլ նիստի, հետևաբար չի կարող ներկա գտնվել ինչպես ինքը, այնպես էլ իր պաշտպանյալ Արմեն Թավադյանը: Նշենք, որ փաստաբանի նշած դատական նիստը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօր նշանակված նիստն էր, որը սկսելուն պես հետաձգվեց՝ Քոչարյանի ներկա չգտնվելու պատճառով:
Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ նկատեց, որ ժամը 13։00-ին նշանակված դատական նիստին ինքը ևս մասնակցել է որպես տուժողների ներկայացուցիչ, սակայն այն հետաձգվել է, ուստի այդ պատճառաբանության նիստին չմասնակցելը հիմք չէ։ «Իսկ Արմեն Թավադյանի մասնակցությունը տվյալ նիստին՝ ի պաշտպանություն Քոչարյանի է, որի պատճառով այս նիստից բացակայելը չի կարող հարգելի համարվել»,- ասաց Եգորյանը:
Հիշեցնենք, որ Թավադյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Այդ օրը Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել. Գասպարիի ձեռքից վերցրել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին։ Այտոսկրի վնասվածք ստացած Գասպարին հայտարարել էր, որ Քոչարյանի կողմնակիցներն են արարքի հեղինակները։