Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 16-րդ դատարանում սկսվել է «մտադրված խաբեության» մեղադրանքով Պոլսի Հայոց պատրիարքի առաջնորդական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Քեմալ Թայֆուն Նարգինի դեմ հարուցած դատական գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Նարգինը, ով, վարչապետ Էրդողանի անունից ներկայանալով և խաբելով Աթեշյանին, նրանից կորզել էր 6 հազար թուրքական լիրա՝ ասելով, թե գումարն անհրաժեշտ է Սանասարյան Հանը վերջնականապես հայկական համայնքին վերադարձնելու համար, դատական նիստին ներկա չի գտնվել: Փոխարենը դատարանում են եղել Պոլսի պատրիարքի փոխանորդը և նրա փաստաբանները: Նիստի ժամանակ Աթեշյանը պատմել է, որ երբ կասկածյալը եկել է իրենց մոտ, նրա ձեռքերում եղել է վարչապետի գրասենյակին պատկանող մի թուղթ, որը, սակայն, հետագայում պարզվել է, որ կեղծ է:
Խոսելով դատավարության մասին՝ Աթեշյանի իրավաբան Ալի Էլբեյօղլուն ընդգծել է, որ իրականում գործն այնքան պարզ չէ, որքան թվում է: «Տեսախցիկի ձայնագրությունները, որոնք արվել էին այդ օրը, ջնջվել են: Պահանջում եմ, որպեսզի հետաքննությունն ընդլայնվի»,- ասել է Էլբեյօղլուն: Դատարանը գործի լսումը և վերջնական որոշումը հետաձգել է հաջորդ նիստին: