Այսօր՝ օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է իր Անկախության 31-րդ տարեդարձը։
ԼՈՒՐԵՐ․ com-ը կապ հաստատեց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին (առաջին) դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ, շնորհավորեց հայ ժողովրդի բարեկամ հայագետին, փորձառու դիվանագետին, ինչպես նաև ուկրաինացի ժողովրդին իրենց ազգային կարևոր տոնի կապակցությամբ։
«Այս տարի Ուկրաինան չի տոնում Անկախության օրը, նա իր անկախությունը պաշտպանում է մարտի դաշտում։ Կիևում նման օրվա համար սովորական հանդիսավոր հավաքներ կամ շքերթներ չկան, բոլորը հետևում են, թե ինչ է կատարվում ճակատամարտերում։ Բայց նույնիսկ այս արտակարգ պայմաններում ուկրաինացիները զգում են իրենց իսկական ընկերների աջակցությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Բոժկոն։
Նա հիշեցրեց, որ երեկ Լեհաստանի նախագահ Դուդան այցելել է Ուկրաինա և հանդիպել նախագահ Զելենսկու հետ, իսկ այսօր տեղի է ունենում «Ղրիմի տունը» առցանց համաժողովը, որին հեռակա մասնակցում են ավելի քան քառասուն երկրների ղեկավարներ։
«Ես նաև շնորհակալ եմ իմ հայ ընկերներին, ովքեր շնորհավորեցին ինձ և իմ միջոցով՝ բոլոր ուկրաինացիներին մեր ժողովրդի համար այս կարևոր օրվա կապակցությամբ։ Ձեր բարեմաղթանքերը, սիրելի բարեկամներ, մեզ ուժ է տալիս դիմադրելու մարտի դաշտում, տալիս է հավատք, որ մենք անպայման հաղթելու ենք»,-ընդգծեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպանը։
Արա Ալոյան