ՀՀ ՊՆ-ի օրենսդրական նախաձեռնությունը՝ 24 միլիոն դրամի դիմաց զինվորական պարտադիր ծառայությունը գրեթե 6 անգամ կրճատելու տրամաբանությամբ, մեծ աղմուկ է հարուցել հանրության լայն շրջանում։

Գործող իշխանությունները մեր՝ առանց այն էլ խոցելի ռազմական ներուժն ամրացնելու, բարոյահոգեբանական իմունիտետը բարձրացնելու, թշնամու շարունակական ու անմիջական սպառնալիքի դեմ պայքարելու փոխարեն, որակազրկում ու հեղինակազրկում են բանակի, զինվորական ծառայության իմաստն ու նպատակները։

«Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»․ սա Գարեգին Նժդեհ է հավատամք-պատգամն էր, որ այս օրերին հատկապես պետք է հիշել ու մշտապես հիշեցնել։

«Զինվորական, ռազմական ներուժի թուլացումը պարտադիր ծրագիր է, որ, իմ համոզմամբ, Թուրքիան է իրականացնում և մեր ներսի թուրքիկները։ Ես այս իշխանություններին համարում եմ թուրքական։ Սրանք (իշխանությունները) միգուցե վերջնական չվերացնեն Հայաստանը, թողեն գերբն ու դրոշը, բայց կկոչվեն թուրքական պետություն»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։

Արվեստագետը, որի որդին՝ Վարդանը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներից է, ընդգծեց, որ իր ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա։

«Այն, ինչ անում է ներկա վարչախումբը հենց այդ ամենի վառ վկայությունն է, իսկ բանակի հետ կապված այս նախաձեռնությունն ընդամենը մեծ ողբերգության հերթական արարներից մեկն է։ Եվ տրամաբանությունս այլ բան չի հուշում, քան սրանց գործողությունները որակել որպես թուրքահաճո»,-ասաց Դավիթ Ամալյանը։

Արա Ալոյան