Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ գործարար միգրանտների Ռուսաստանից այլ երկրներ մեկնելուն։ Այդ մասին նա ինքը հայտարարել է սեպտեմբերի 7-ին՝ Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, գրում է Известия-ն։
«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ օգուտ կբերի ռուսական բիզնեսին։ Եթե պայմաններն այնպիսին են, որ հիմա առավել նպատակահարմար, շահավետ ու հանգիստ է հիմնականում ՏՏ ոլորտի մարդկանց աշխատել Հայաստանում, ապա թող աշխատեն։ Շատերն արդեն վերադարձել են՝ հասկանալով, որ այստեղ ամեն ինչ աշխատում է, ամեն ինչ գործում է։ Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, խնդրեմ»,- ասել է ՌԴ պետության ղեկավարը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես մասնակցում էր հանդիպմանը, իր հերթին կարծիք հայտնեց Ռուսաստանի քաղաքացիների՝ իր երկիր տեղափոխելու վերաբերյալ։ «Բազմաթիվ մասնագետներ եկել են, որովհետև աշխատավարձ ստանալու կարիք ունեն, քանի որ փաստորեն, գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, աշխատում են դրսում։ Նրանք պարզապես տեղափոխվել են Հայաստան։ Հուսով եմ, որ Ռուսաստանում սա ընկալվում է՝ որպես շարժում ԵԱՏՄ-ի ներսում»,- ասել է Փաշինյանը, գրում է Известия-ն։