Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտված մտահոգությունը որոշակի ուղերձ էր Ռուսաստանի համար:

 

Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: «Իհարկե, մեր ռուս գործընկերների իրավունքն է այս կամ այն երկրին զենք վաճառել, սակայն մենք էլ մեր հերթին մտահոգություն հայտնելու իրավունք ունենք՝ որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, քանի որ այդ զենքից սպանվում է մեր զինվորը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:

 

Նա ընդգծեց, որ Հաաստանում որևէ մեկին չի կարող ուրախացնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: «Բայց, միևնույն ժամանակ, մենք այդ երևույթի դեմն առնելու իրավունք, ըստ էության, չունենք: Դա Ռուսաստանի գործն է, իսկ մենք միայն կարող ենք տարբեր մակարդակներով մեր մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ, ինչն էլ արվում է տարբեր, այդ թվում՝ դիվանագիտական մակարդակով»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

 

Ասուլիսին մասնակից մյուս բանախոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ևս նշեց, որ անընդունելի է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը չպետք է զենք վաճառի իր ռազմավարական դաշնակցի հակառակորդ պետությանը: Նրա խոսքով՝ ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է նպաստեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և չդիմեն հակամարտությունը սրող քայլերի: